Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Այդ նկարը կեղծ է, ովքեր այն վաճառել են, կարող են տոնել իրենց հաջողությունը»

«Այդ նկարը կեղծ է, ովքեր  այն վաճառել են, կարող են  տոնել իրենց հաջողությունը»
09.12.2016 | 09:03

Մարտիրոս Սարյանի «Կակաչներ և երիցուկներ» կտավի (1959 թ.) վաճառքի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց մամուլում, շատ արագ էլ մարեցին շշուկները: Նշված կտավը վաճառվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի քաղաքներից մեկում՝ Այվոնում կայացած «միջազգային» աճուրդում 67 հազար 375 դոլարով: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ գեղանկարի իսկությունն ապացուցում է Հայաստանի մշակույթի նախարարության տրամադրած վկայագիրը: Փորձեցինք պարզել, թե ինչ գիտեն կտավի մասին նախարարությունում, և արդյո՞ք մշակույթի նախարարության գիտությամբ ու համաձայնությամբ է վաճառվել այն:


«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Ասոյանը գրավոր պատասխանում նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը չի տվել համաձայնություն, ավելին` չունեն իրավասություն` արգելելու կամ թույլ տալու անհատ քաղաքացուն կամ ոչ պետական իրավաբանական անձանց վաճառելու իրենց պատկանող կտավը: Մամուլից տեղեկացանք նաև, որ նախարարությունը կտավի գտնվելու վայրի, վաճառքի ներկայացնող անձի և գնորդի վերաբերյալ չի կարող ներկայացնել տեղեկություններ՝ դրանց բացակայության պատճառով:


Մեր հաջորդ հարցը վերաբերում էր կտավի իրական լինելուն կամ չլինելուն: Հարկ էր հաջորդ թնջուկը բացել` միջազգային աճուրդում Սարյանի՞ կտավն է վաճառվել, թե՞ այն վերագրվել է Սարյանին: Պաշտոնական պատասխանն այսպիսին էր. «Կակաչներ և երիցուկներ» կտավի (1959 թ.) իսկության վերաբերյալ 18.05.2015 թ. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է համապատասխան եզրակացություն»:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆԻ հետ զրույցից հետո խնդիրն այլ հարթություն տեղափոխվեց:


«Ես միայն մեկ բան կարող եմ ասել` այդ նկարը կեղծ է: Ովքեր այն վաճառել են, կարող են տոնել իրենց հաջողությունը, որ 67375 դոլարով կեղծիք է վաճառվել,- ասաց Սարյանի թոռնուհին:- Դրա բնօրինակում պատկերված հրաշալի կակաչները իմ մեծ քույրն է հավաքել Սևանում՝ նույն թվականին: Բարձր արվեստով ստեղծված կտավ է: Եթե համադրեն այդ երկու կտավները, ամեն ինչ պարզ կլինի նույնիսկ նրանց համար, ովքեր արվեստաբան չեն, արվեստագետ չեն, ովքեր արվեստից ոչինչ չեն հասկանում: Կհասկացվի նաև, թե Սարյանի գլխին ինչ «օյիններ» են խաղում տարբեր տեսակի զեղծարարներ»:

Բնօրինակը կոչվում է «Կակաչներ» (գլխավոր նկար), կեղծ կտավը՝ «Կակաչներ և երիցուկներ» (կից նկար): Ռուզան Սարյանը նշեց, որ շատ հաճախ են լինում նման դեպքեր, և թարմ մի օրինակ բերեց. Փարիզի «Դրուո» աճուրդում ներկայացված է 13 Սարյան, որոնցից 5-6-ն են իրական, մնացածը կեղծ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Կակաչներ և երիցուկներ»
Դիտվել է՝ 6373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ